Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հրապարակել է 2019 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի վերաբերյալ հաշվետվությունը, համաձայն որի՝ արձանագրվել է և՛ շահույթի, և՛ եկամտի նվազում, գրում է finance.rambler.ru-ն:

2018թ. դեկտեմբերի 29-ին ավարտված երեք ամսվա ընթացքում ընկերության ընդհանուր եկամուտը եղել է 84,31 մլրդ, մինչդեռ զուտ շահույթը՝ 19,97 մլրդ դոլար:

Երկու ցուցանիշն էլ անկում են արձանագրել 2018 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի համեմատ: Այն ժամանակ Apple-ի ընդհանուր եկամուտը կազմել էր 88,29 մլրդ, իսկ զուտ շահույթը՝ 20,06 մլրդ դոլար:

The Wall Street Journal-ը նկատում է, որ վերջին տասը տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ ֆինանսական տարվա առաջին եռամսյակում «խնձորային» բրենդն արձանագրում է և՛ շահույթի, և՛ եկամտի անկում: