Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Միլանում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 25-րդ նիստի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, գրում է minval.az կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած մամուլի հաղորդագրությանը:

Հայտնի է, որ հանդիպման ընթացքում Մամեդյարովն առաջարկել է Արցախում տիրող իրավիճակի հետ կապված գնահատման առաքելություն իրականացնել:

Հանդիպման ժամանակ քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հեռանկարները, Ադրբեջանի ու ԵԱՀԿ-ի համագործակցության հնարավորությունները:

Հայտնի է, որ Մամեդյարովը Գրեմինգերին տեղեկություններ է փոխանցել դեկտեմբերի 5-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն բավականին արդյունավետ է եղել և որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մոտ ապագայում շարունակել արդյունավետ ու ինտենսիվ քննարկումները նման ձևաչափով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում, Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Էլմար Մամեդյարովի հետ, որին նախորդել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը ևս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Այս առումով ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն։