Էլ Սալվադորի դատարանն ազատ է արձակել 30 տարվա բանտարկության դատապարտված կնոջը։ Նա դատապարտվել էր այն պատճառով, որ զուգարանում մեռած երեխա էր ծննդաբերել, տեղեկացնում է BBC News-ը։

20-ամյա Էվելին Բեաթրիս Քրուզը ճաղերի հետեւում նստեց մոտ 3 տարի՝ ծանրացնող հանգամանքներով սպանության մեղադրանքվ։

Ներկայացված բողոքից հետո դատարանը որոշեց նորից քննել գործը, բայց մեղադրյալը պետք է ապրի իր տանը՝ ողջ դատաքննության ընթացքում։

Կինը եւ նրա փաստաբանները պնդում են, որ նա չի իմացել իր հղիության մասին, եւ պատահածը չի կարելի հանցագործություն համարել։

Դատախազներն իրենց հերթին պնդում են, որ Բեաթրիսը մեղավոր է՝ հայտարարելով, որ նա պետք է նախածննդյան հետազոտություն անցներ։

Բանտի դարպասների մոտ կնոջը դիմավորեցին ակտիվիստները, որոնք վանկարկում էին. «Էվելին, դու մենակ չես»։

Էլ Սալվադորում արգելված են հղիության ընդհատումները ցանկացած պարագայում, եւ տասնյակ կանայք դատապարտվել են բանտարկության այն պատճառով, որ մեռած երեխաներ են ծնել կամ որոշել են ընդհատել հղիությունը՝ պտուղը մինչեւ վերջ պահել չկարողանալու պատճառով։