Global Finance ամսագիրը հրապարակել է 2019թ. ամենաապահով երկրների ցանկը: Մասնագետները հաշվարկել և ներկայացրել են 128 երկրի անվտանգության ցուցիչները:

Վարկանշային աղյուսակը կազմելու համար հաշվի են առնվել ռազմական կոնֆլիկտի հավանականությունը, հանցագործությունների մակարդակը,քաղաքացիների անձնական անվտանգությունը, տնտեսական զարգացման մակարդակը, ինչպես նաև բնական ու տեխնածին աղետների հավանականությունը:

Հայաստանն այս ցանկում, 10,25 միավորով, 62-րդ հորիզոնականում է: Նույնքան միավոր են ստացել նաև Պարագվայը և Չիլին:

Աղյուսակի առաջին տասնյակում հայտնվել են զարգացած տնտեսություն և առողջապահության լավ համակարգ ունեցող եվրոպական երկրները: Առաջին եռյակում են, համապատասխանաբար, Իսլանդիան, Շվեյցարիան և Ֆինլանդիան:

Հատկանշական է, որ, չնայած տնտեսական բարձր զարգացվածությանը, Ճապոնիան բնական աղետների բարձր ռիսկի պատճառով 43-րդ տեղում է, իսկ ԱՄՆ-ն՝ 65-րդում՝ պայմանավորված հանցագործությունների բարձր մակարդակով: Ռուսաստանը 108-րդ հորիզոնականում է:

Հարևան երկրներից Վրաստանը հայտնվել է 49-րդ, Թուրքիան՝ 107-րդ, Ադրբեջանը՝ 71-րդ, Իրանը՝ 77-րդ տեղում:

Ըստ ամսագրի՝ ամենավտանգավոր երկրները Գվատեմալան, Եմենը և Ֆիլիպիններն են: