Միացյալ Նահանգները կոչ է արել Թուրքիային ռազմական գործողություններ չիրականացնել Սիրիայի հյուսիս-արևելքում: Այդ մասին հաղորդում է CNN-ը:
«Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում՝ ցանկացած կողմում, միակողմանի ռազմական գործողություններն անթույլատրելի են, և մեզ հատկապես խիստ մտահոգում է այն հանգամանքը, որ օպերացիայի ժամանակ ամերիկյան ուժերը կարող են այդ տարածքում լինել», -ասել է Պենտագոնի (ԱՄՆ պաշտպանության նախարարության) մամլո քարտուղար Շոն Ռոբերտսոնը:
Նա հիշեցրել է, որ Սիրիայի այդ հատվածում այժմ պայքար է ընթանում  ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ:
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է առաջիկա օրերին Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում ռազմական օպերացիա սկսել: