Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է մարդասիրական օգնություն ուղարկել Վենեսուելա, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով Բոլթոնի գրառումը Twitter-ում:

«Ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոյի խնդրանքով եւ իր պաշտոնական ներկայացուցիչների հետ խորհրդակցելովԱՄՆ-ն Վենեսուելայի բնակչության համար կհավաքագրի եւ տեղափոխի մարդասիրական օգնություն դեղամիջոցներ, վիրաբուժական պարագաներ եւ սննդային հավելումներ», – գրել է Բոլթոնը Twitter- ի  իր միկրոբլոգում:

Ավելի վաղ մարդու իրավունքների պաշտպանության միակողմանի հարկադրանքի միջոցների բացասական ազդեցության հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Իդրիս Ջազաիրին ասել էր, որ տնտեսական պատժամիջոցները խորացնում են Վենեսուելայում ճգնաժամը:

Հունվարի 28-ին ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը ստորագրել է Վենեսուելայի իշխանությունների, երկրի Կենտրոնական բանկի եւ PDVSA պետական ​​նավթային ընկերության դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին հրամանը։