Միացյալ Նահանգների զինված ուժերին պատկանող ցամաքային ռազմական տեխնիկայի մի մասը վերջին մի քանի օրվա ընթացքում դուրս է բերվել Սիրիայից՝ ազդարարելով Սիրիայից հեռանալու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած ծրագրի մեկնարկը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ բուն գործողությանը մոտ պաշտոնական աղբյուրին հղումով:

«Բեռի մի մասն արդեն տեղափոխվել է»,- CNN-ին հայտնել է աղբյուրը՝ անվտանգության նկատառումներով խուսափելով հստակեցնել՝ ինչ տեսակի բեռի մասին է խոսքը, ինչ ճանապարհով է այն տեղափոխվել:

Նա նաև չի ասել, թե Սիրիայի որ հատվածից է այն տեղափոխվել: Սակայն ենթադրվում է, որ ամերիկյան իշխանությունները ռազմական տեխնիկայի դուրսբերումը կսկսեն երկրի հյուսիսից:

CNN-ը հիշեցնում է, որ Սիրիայից ԱՄՆ զորքի և ռազմական տեխնիկայի դուրսբերման որոշումը դեկտեմբերի 31-ին ստորագրել է Պենտագոնի նախկին ղեկավար Ջեյմս Մեթիսը՝ պաշտոնը լքելուց որոշ ժամանակ առաջ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թրամփը համաձայնել է դանդաղեցնել զորքերի դուրս բերումը՝ գործընթացն առավել ճիշտ կազմակերպելու համար: