Արկտիկական շրջանից Միացյալ Նահանգների միջին-արևմուտք եկած սաստիկ ցուրտ եղանակը, որը խառնաշփոթ է առաջացրել տասնյակ միլիոնավոր ամերիկացիների առօրյայում, դարձել է առնվազն 21 մարդու մահվան պատճառ:

Ինչպես նշում է Reuters-ը, դեռ երեկ զոհերի թիվը 12-ն էր, սակայն մեկ օրում ցուցանիշն ավելացել է 9-ով: Հայտնի է, որ բոլոր ինը զոհերը գրանցվել են այս օրերին անոմալ ցրտի կիզակետում գտնվող Չիկագո քաղաքում: Այստեղ օդի ջերմաստիճանը հասել է ըստ Ցելսիուսի սանդղակի՝ -49-ի:

Հայտնի է, որ բազմաթիվ քաղաքներում չեղարկվել են հազարավոր չվերթներ, փակվել են դպրոցներ, գործարաններ, դադարեցվել է փոստային ծառայությունների աշխատանքը:

Նշվում է, որ անոմալ ցրտից ամենաշատը տուժել են Մինեսոտա, Վիսկոնսին, Միչիգան, Այովա, Նեբրասկա, Իլինոիս նահանգները:

Օդերևութաբանների փոխանցմամբ՝ վերջին անգամ ԱՄՆ-ում այսպիսի ցուրտ եղանակ է եղել ավելի քան 20 տարի առաջ: Հայտնի է, որ երկրի միջին-արևմուտքում գտնվող 30 բնակավայրում  ցրտի նոր ռեկորդներ են գրանցվել: