Միացյալ Նահանգների արևմտյան հատվածում արկտիկական շրջանից եկած սաստիկ ցուրտ եղանակ է հաստատվել, որը խառնաշփոթ է առաջացրել տասնյակ միլիոնավոր ամերիկացիների առօրյայում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, սաստիկ ցրտի պատճառով ԱՄՆ մի շարք նահանգներում դադարեցվել է փոստային ծառայությունների աշխատանքը, չեղարկվել է մոտ 3000 չվերթ:

«Ջեյդեն» ձմեռային փոթորիկը, որն այս շաբաթվա ընթացքում ավելի կուժեղանա, առնվազն չորս մարդու մահվան պատճառ է դարձել:

Ըստ օդերևութաբանների՝ այս գիշեր Չիկագոյում կլինի ավելի ցուրտ, քան Ալյասկայի, Հյուսիսային բևեռի ու Անտարկտիկայի որոշ հատվածներում: Սպասվում է, որ այս գիշեր Չիկագոյում ուժեղ քամու դեպքում օդի ջերմաստիճանը կհասնի -50 աստիճանի, իսկ Դետրոյթում՝ -40-ի:

Սաստիկ ցրտի պատճառով Չիկագոյում երկաթգծերի վրա կրակ են վառել, որպեսզի դրանք չսառչեն ու գնացքները կարողանան անխոչընդոտ տեղաշարժվել:

Նշվում է, որ փոթորկից ամենաշատը տուժել են Մինեսոտա, Վիսկոնսին, Միչիգան, Այովա, Նեբրասկա, Իլինոիս նահանգները: