Rusarminfo.ru կայքը գրում է, որ ԱՄՆ-ում լույս է տեսել «Հայոց ցեղասպանությունը. սկիզբն ու հետևանքները» վերնագրով երկհատորյակը, որում հավաքված են հեղինակավոր «The New York Times» թերթում հրապարակված՝ XIX դարի վերջից սկսած՝ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացման մասին պատմող հարյուրավոր հոդվածներ ու նյութեր:

Գրքերում տեղ գտած հոդվածները ժամանակագրական հերթականությամբ պատմում են հայ ազգի պատմության սև էջերի մասին և ընթերցողին հնարավորություն տալիս ամբողջական պատկերացում կազմելու օսմանյան իշխանությունների՝ քրիստոնյա ժողովրդին բնաջնջելուն ուղղված քաղաքականության մասին:

Երկհատորյակում ներկայացված նյութերը կարելի է բաժանել 3 հիմնական փուլերի՝ 1894-1896թթ. հայերի զանգվածային ջարդերը, Ադանայի ջարդերը և 1915թ.-ի եղեռնը, 1920-ական թվականների սկզբին հայերի բնաջնջման քաղաքականության շարունակությունը:

Գրքերի հեղինակներն են հետազոտող Արա Քեթիբյանն ու Մխիթարյան միաբանության անդամ վարդապետ Վահան Օհանյանը: Գիրքը կազմելու համար 12 տարի է պահանջվել:

Այժմ հեղինակներն աշխատում են նման այլ գրքերի լույսընծայման համար։ Նոր գրքերում ամփոփված կլինեն XX դարի սկզբին «The Boston Daily Globe», «The Chicago Tribune», «The Los Angeles Times», «The Washington Post» և հայտնի ամերիկյան այլ պարբերականների՝ Մեծ եղեռնին վերաբերող հրապարակումները: