ԱՄՆ պետքարտուղարությունը քաղաքացիներին հորդորել է, հնարավորության դեպքում, հետաձգել Թուրքիա ծրագրված ուղևորություններն, իսկ այդ երկրում գտնվելու դեպքում՝ զերծ մնալ թուրքական իշխանություններին քննադատելուց:

«Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ քաղաքացիները զգուշացվել են, որ Թուրքիայում չհիմնավորված ձերբակալություններն ու խոսքի ազատության պարզունակ ոտնահարումները հաճախ հանդիպող երևույթներ են:

Պետքարտուղարությունն ամերիկացիներին զգուշացրել է նաև Թուրքիայի որոշ վայրերում ահաբեկչության վտանգի մասին և կոչ է արել Թուրքիայում գտնվող ամերիկացիներին հնարավորինս հեռու մնալ մարդաշատ վայրերից՝ խոշոր առևտրի կենտրոններից, զվարճանքի ակումբներից, ռեստորաններից ու հյուրանոցներից:

Բացի այդ, զբոսաշրջիկներն օդանավակայանում գտնվելու ընթացքում պետք է հնարավորինս արագ ավարտեն փաստաթղթերի ձևակերպումն ու դուրս գան դրա տարածքից: