ԱՄՆ-ի 16 նահանգների իշխանությունները դատական հայց են ներկայացրել շրջանային դատարան՝ ընդդեմ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ բողոքարկելով երկրի հարավային սահմանին արտակարգ դրություն սահմանելու նրա որոշմումը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Պատասխանողի կարգավիճակում կլինեն Թրամփը, պաշտպանության, ֆինանսների և ներքին անվտանգության նախարարները: Հայցվոր կողմը պահանջում է արգելել Թրամփի հրամանի ի կատար ածումը և թույլ չտալ Թրամփին Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ֆինանսավորում ստանալ՝ առանց Կոնգրեսի համաձայնության:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփի դեմ դատական հայց էր ներկայացրել նաև Public Citizen հասարակական կազմակերպությունը՝ հանդես գալով Frontera Audubon ընկերության, ինչպես նաև Տեխաս նահանգի 3 հողատիրոջ անունից, որոնց տարածքներում, հնարավոր է, կառուցվի Մեքսիկայի հետ սահմանային պատը:

Հիշեցնենք, որ դեռևս անցած տարվա վերջին Թրամփի և կոնգրեսական մեծամասնության՝ դեմոկրատների միջև տարաձայնություններ էին առաջացել՝ Մեքսիկայի սահմանին պատի կառուցման բյուջեի վերաբերյալ, ինչի արդյունքում պետական գերատեսչությունների աշխատանքը մասնակի դադարեցվել էր 35 օրով:

Փետրվարի 15-ին ԱՄՆ ղեկավարը երկրի հարավային սահմանին ազգային անվտանգության ու մարդասիրական ճգնաժամի խնդրի լուծման համար արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում էր ստորագրել: