«Դատարանը պետք է ապահովի նիստի բնականոն ընթացքը: Այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին դատարանում, դա բնական ընթացք համարվել չի կարող, դատարանը իր դերում չէ: Մենք այնուամենայնիվ, հույս ունենք, որ դատարանն ամեն ինչ կանի, որպեսզի այսպիսի բաներ այլևս չկրկնվեն». հունվարի 14-ին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռ.Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:

Նրա վկայությամբ՝ եթե դատարանը քայլեր չձեռնարկի նման դեպքերի կրկնությունը բացառելու համար, ապա իրենք կմտածեն, թե ինչ կերպ վարվեն, որպեսզի մտածեն գործի մասին և ոչ թե նրա, թե ով ինչ է ասում:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում դատարանի այն եզրակացությանը, թե նախորդ նիստում հնչած արտահայտություններում սպառնալիք չկա, Հ.Ալումյանը հարցով պատասխանեց. «Եթե նույնը դատավորին ասեր` կրկին կպնդե՞ր, որ սպառնալիք չկա»,- ասաց պաշտպանը:

Նա հիշեցրեց, որ նույն գործի շրջանակում նման միջադեպ էր տեղի ունեցել նաև 2018թ., երբ դատարանի շենքի մոտ հավաքվածներից մեկը սպառնալիքներ էր հնչեցնում պաշտպանների հասցեին: Այդ կապակցությամբ ինքը 2018թ. օգոստոսին դիմել է ոստիկանություն, ներկայացրել տեսանյութը:

«Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Դա գործը քնեցնելու լավագույն տարբերակն է»,- ասաց Հ.Ալումյանը:

Փաստաբանը նկատեց, որ վարքագծի առումով ավելի ադեկվատ վերաբերմունք պետք է ունենան նաև դատախազները:

«Եթե դատախազները կարծում են, որ իրենց իրավական փաստարկների սղությունը կամ բացակայությունը կարող են կոմպենսացնել դատավարությունում այս ձևի մթնոլորտով ու մեր նկատմամբ այսպիսի վերաբերմունք հրահրելով, սխալվում են»,- նշեց Ալումյանը: