Եվրոպայի խորհրդարանը շատ հետաքրքրված է Հայաստանի զարգացումներով: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները համարվում են քայլ դեպի ժողովրդավարության զարգացում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԽ պատգամավոր Հեիդի Հաութալան:

«Կուսակցությունների համար կարճ ժամանակ կար նախապատրաստվելու ընտրություններին: ԿԸՀ-ն շատ բարձր մակարդակով անցկացրեց այս դժվար միջոցառումը: Մենք շատ ուրախ ենք դիտարկելու մեծ փոփոխություններ ընտրական պրակտիկայում: Մեկ գիշերվա մեջ նման պրակտիկա չի դիտարկվում, բայց գործընթացը գնում է դրական ուղղությամբ»,- ասաց Հաութալան:

Նա հույս հայտնեց, որ ընտրական գործընթացի վատ պրակտիկան չի ժառանգվի, կանցկացվեն ավելի բաց ու ավելի ազատ ընտրություններ:

«Ես նկատել եմ, թե ինչպես են կանայք հիմնականում զբաղվում քվեաթերթիկների հաշվարկի աշխատանքով: Կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունն ակտիվ մասնակցի ընտրական գործընթացին: Ես առաջին անգամ եմ տեսնում, որ քաղաքացիական հասարակության այսքան ներկայացուցիչներ մասնակցեն ընտրություններին: Այս ընտրությունները շատ լավ կազմակերպվեցին, նվազագույնի էին հասցվել խախտումները, ամեն մեկը կարողացավ արտահայտել իր կամքը: Մենք ողջունում ենք ՀՀ ղեկավարությանը  այս ընտրությունների կապակցությամբ»,- նշեց նա՝ շեշտելով, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Հայաստանին, ավելի է ընդլայնելու ԵՄ-Հայաստան հարաբերությունները: