Պաշտոնական Անկարան կոշտ է արձագանքում նախօրեին Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից բանաձևի ընդունմանը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է իտալացի օրենսդիրների որոշումը՝ շեշտելով, թե «այդ բանաձևը հայկական պնդումները ներքաղաքական շահերի համար գործիք դարձնելու հերթական օրինակն է»:

«Զարմանալի չէ, որ օրինագիծը պատրաստվել է Մատեո Սալվինիի գլխավորած «Լեգա» կուսակցության կողմից, որը լծված է թուրք-իտալական հարաբերությունները սաբոտաժի ենթարկելու գործին: Զարմանալի ու ցավալի է, որ խորհրդարանը գործիք է դարձել Եվրախորհրդարանի ընտրություններում «Լեգա» կուսակցության դիրքերն ամրապնդելուն ուղղված այս խաղում: Ըստ էության, հայկական պնդումները մշտապես օրակարգ են գալիս կամ նախընտրական շրջանում, կամ էլ հակաթուրքական համատեքստում, և այս հանգամանքը հստակ ցույց է տալիս հարցի քաղաքական բնույթն ու պատմական իրականության հետ աղերս չունենալու փաստը: Այս ջանքերը կողմերից ոչ մեկին օգուտ չեն տալիս, միևնույն ժամանակ խոչընդոտում են ապագային ուղղված դրական նախաձեռնությունները», – ասված է Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ: – «Այս բանաձևը մեր երկրի հետ պատմական առնչություններ, առևտրային սերտ համագործակցություն ունեցող և ռազմավարական դաշնակից Իտալիայի հետ մեր հարաբերությունների վրա անխուսափելի ազդեցություն կունենա: Պատմությունը քաղաքականացնելուն ուղղված բոլոր նախաձեռնությունների նման այս բանաձևը ևս Թուրքիայի համար իրավական նշանակություն չունի»:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն էլ Թվիթերում գրել է, թե իտալացի պատգամավորների ընդունած բանաձևը ներքաղաքական նպատակներ է հետապնդում և Եվրախորհրդարանի ընտրություններում «Լեգա» կուսակցության համար ձայներ շահելու միջոց է: «Իտալիայի Պատգամավորների պալատի որոշումն իրավական ուժ չունի այնպես, ինչպես պատմությունը քաղաքականացնելու բոլոր նախաձեռնությունները», – գրել է Չավուշօղլուն։

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը ևս արձագանքել է Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած բանաձևին: Երեկ ուշ երեկոյան Քալընը իր թվիթերյան էջում գրել է. – «Այսպես կոչված Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումն անտեսում է պատմական իրողությունները և նոր թշնամություն սերմանում։ Մենք խստորեն դատապարտում ենք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մեր նախագահի կոչը անտեսող և քաղաքական պոպուլիզմ հրահրող այս մոտեցումները»։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեդին Ալթունը ևս դատապարտել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։ «Մենք խստորեն դատապարտում ենք մեր պատմությունը խեղաթյուրելու և քաղաքականացնելու Իտալիայի խորհրդարանի ջանքերը։ Սա անօգուտ, թշնամական և ցավալի մոտեցում է։ Միմյանց հիշողությունների հանդեպ հարձակումների փոխարեն, բոլորս միասին պետք է ապահովենք ճշմարտության գերակայությունը հորինվածքի նկատմամբ», – իր թվիթերյան էջում գրել է Ալթունը:

Երեկ Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը ձայների 382 կողմ, 43 ձեռնպահ, 0 դեմ հարաբերակցությամբ ընդունեց բանաձև, որում կոչ է անում երկրի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և միջազգային մակարդակում հնչեղություն տալ այդ հարցին:

Իտալիայի տեղական իշխանությունների հարյուրավոր մարմիններ ավելի վաղ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Աշխարհի մոտ երեք տասնյակ երկրներ՝ այդ թվում Ուրուգվայը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Կանադան, Արգենտինան, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը, ամերիկյան 50 նահանգներից 49-ը, տարբեր երկրների տարածաշրջանային, քաղաքային իշխանություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ու կառույցներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: