Ճապոնիայի բնակիչներն աննախադեպ հանգստյան օրեր կստանան նոր կայսեր՝ կայսր Ակիհիտոյի ավագ որդու՝ Նարուհիտոյի երդմնակալության առիթով, գրում է The Guardian-ը։

Պարբերականը նշում է, որ անսովոր երկար հանգստյան օրերը կտեւեն ապրիլի 27-ից մինչեւ մայիսի 6-ը։

Ինչպես նշում է պարբերականը, եթե սովորաբար մարդիկ ուրախությամբ են ընդունում հարկադրյալ արձակուրդի մասին լուրը, ապա ճապոնացիները դրանից սարսափի են մատնվում։

Ճապոնական Asahi թերթի անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվողների 45 տոկոսն իրեն դժբախտ է զգում սպասվող հանգստյան օրերի հետ կապված, քանի որ չգիտի ինչպես անցկացնել դրանք։ Եվ միայն 35 տոկոսն է ուրախություն հայտնել «հարկադրյալ հանգստյան օրերի» կապակցությամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճապոնիայի նոր կայսեր՝ Նարուհիտոյի կառավարման դարաշրջանը ստացել է Ռեյվա անվանումը։ Ուղիղ եթերում ցուցադրվել է ցուցանակ երկու հիերոգլիֆի պատկերով, որոնք նշել են այդ դարաշրջանի անվանումը։ Դրանք կարելի է թարգմանել որպես «կարգ», «խաղաղություն» կամ «ներդաշնակություն»։

Ճապոնիայի ներկայիս կայսր Ակիհիտոն, որի 85 տարին լրացավ անցած դեկտեմբերին, գահը կլքի ապրիլի 30-ին։ Օրը նշանակվել է դեռեւս 2017-ին։ Նրա ավագ որդին՝ 59-ամյա թագաժառանգ Նարուհիտոն, կայսր կհռչակվի մայիսի 1-ին, երբ կսկսվի Ռեյվայի դարաշրջանի առաջին տարին։

Ճապոնիայում գործող դարաշրջանը կոչվում է «Հեյսեյ» («խաղաղության հաստատում»)։ Այսպիսով, երկրում միաժամանակ ընթանում է 2019 թվականը եւ Հեյսեյի դարաշրջանի 31 թվականը։

Ակիհիտոն Ճապոնիայի 125-րդ կայսրն է։ Նա ծնվել է 1933 թվականին, գահ բարձրացել 1989-ի հունվարի 7-ին հոր՝ կայսր Հիրոհիտոյի մահվանից հետո։