Թուրքիայի մի շարք քաղաքներում և աշխարհի տարբեր երկրներում կոգեկոչեն պոլսահայ լրագրող, հրապարակախոս, մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի հիշատակը:

«Ակօս»-ի փոխանցմամբ՝ հունվարի 17-19-ը Դինքի մահվան 12-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Անկարայում, Ստամբուլում, Դատչայում, Գերմանիայի Բեռլին և Քյոլն քաղաքներում, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում և Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում:

Դինքի հիշատակին երթ կանցկացվի Հրանտ Դինքի սպանության վայրում՝ Ստամբուլի Շիշլի շրջանի Օսմանբեյ պողոտայում գտնվող «Ակօս»-ի նախկին խմբագրատան դիմաց: Այն կանցկացվի նույն ժամին՝ 15:05-ին: Նույն օրը Բեյօղլու շրջանի «Հանջը» համերգային սրահում Դինքի հիշատակին հայկական երաժշտության երեկո է ծրագրվում:

Դինքի հիշատակին ծրագրվում են նաև բազմաթիվ սեմինարներ, կինոդիտումներ, բաց քննարկումներ և հիշատակի այլ միջոցառումներ, որոնց կմասնակցեն ինչպես հայ, այնպես էլ թուրք և այլազգի իրավապաշտպաններ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, մտավորականներ:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ իր խմբագրատան դիմաց: