Ավստրալիայի Kangaroo Sanctuary Alice Springs արգելոցում սատկել է Ռոջեր մականունով 12-ամյա կենգուրուն, որը սոցցանցերում լայն ճանաչում էր ձեռք բերել մկանուտ կազմվածքի և 2 մ հասակի շնորհիվ: Այս մասին տեղեկանում ենք արգելոցի Instagram-ի էջից:

«Ցավով հայտնում եմ, որ ծերության պատճառով սատկել է Ռոջերը: Նա երկար կյանք է ապրել և սիրված էր աշխարհում միլիոնավոր մարդկանց կողմից: Մենք կկարոտենք նրան»,- ասված է արգելոցի տնօրեն Քրիս Բարնսի գրառման մեջ:

Բարնսը փրկել էր Ռոջերին, երբ վերջինս դեռ ձագ էր: Տղամարդը կենդանուն հանել էր մեքենայի տակ ընկած մոր պարկից:

Բարնսը պատմել է նաև, որ հանուն փոքրիկ կենդանու կենգուրուների համար արգելոց է ստեղծել: Այժմ այնտեղ մեծ քանակությամբ կենդանիներ են բնակվում: