Ֆրանսիայի նախագահ էմանյուել Մակրոնն արտակարգ սոցիալ-տնտեսական դրություն է հայտարարել։ Այս մասին ասված է նախագահ Մակրոնի՝ ժողովրդին ուղղված ուղերձում։ Ինչպես մանրամասնում է AFP-ն, նախագահ Մակրոնն իր ուղերձում ընդգծել է, որ հասկանում է զայրացած եւ դժգոհ ցուցարարներին, եւ զգում է որ պատասխանատու է ժողովրդի առաջ։ Նա ասել է, որ անկեղծորեն ցանկացել է փոխել իրադրությունը երկրում։ «Ես փորձում եմ հիմնվել ձեր վրա, քաղաքացիական հասարակության վրա։ Ես կարծում եմ, որ պետք է քայլենք դեռեւս չքայլած ուղիներով, որպեսզի բարելավենք կյանքը»,- ասել է Մակրոնը։ Մակրոնը նաեւ ասել է, որ սկսած հաջորդ տարեսկզբից նվազագույն աշխատավարձն աճելու է 100 եվրոյով։ Բացի այդ հավելյալ աշխատաժամանակը չի հարկվելու։ Միաժամանակ ողջ տարվա ընթացքում հատուկ պարգեւավճարներ են բաժանվելու, իսկ նրանք, ովքեր 2000 եվրոյից ցածր եկամուտ ունեն, կօգտվեն հարկային արտոնություններից։ Մակրոնը նկատել է, որ դեպի բարեկեցություն տանող ճանապարհով չափազանց դանդաղ են շարժվում։