ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման այցելել է Վաշինգտոնի մանկական հիվանդանոց և նվերներ բաժանել հիվանդ երեխաներին, գրում է Daily Mail-ը:
Հիվանդանոցում նախկին նախագահին ջերմ ողջույններով են ընդունել: Նա հարյուրավոր բուժաշխատողների, երեխաների ու նրանց ծնողների հետ սուրբծննդյան երգեր է երգել:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ: Մենք հնարավորություն ունեցանք զրուցելու հրաշալի երեխաների ու նրանց ընտանիքի անդամների հետ: Ինքս, լինելով երկու երեխայի հայր, կարող եմ միայն պատկերացնել, թե երբեմն որքան դժվար է ձեզ համար: Հիվանդ ժամանակ ամենակարևոր բանը հոգատար բժիշկների ու սրտացավ մարդկանց ներկայությունն է»,- ասել է Օբաման:
Նա նվերներով լի պարկը ուսին շրջել է հիվանդասենյակներով: ԱՄՆ 44-րդ նախագահը խաղալիքներ, հեռակառավարվող մեքենաներ, խաղալիք գնացքներ է բաժանել երեխաներին: