Գերմանիան կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանը վերադարձնել Երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիայի տարածքից դուրս բերված մշակութային արժեքները, մասնավորապես՝ Հենրիխ Շլիմանի գտածոներն ու Էբերսվալդյան գանձերը: Այս մասին գրում է Известия-ն՝ Ռուսաստանում Գերմանիայի դեսպանությանը հղումով:Դեսպանատնից հայտնել են, որ մշակութային արժեքները չպետք է օգտագործվեն որպես պատերազմական կորուստների փոխհատուցման միջոց՝ վկայակոչելով 1907թ.-ի Հաագայի համապատասխան հռչակագիրը:
Վերադարձնելու ենթակա ամենակարևոր օբյեկտները Հենրիխ Շլիմանի գտածոներն ու Էբերսվալդյան գանձերն են, ինչպես նաև IX դարից մինչև մեր դարաշրջանին պատկանող հազարավոր ոսկյա իրեր ու զարդեր:
Գերմանական դեսպանությունը նաև ընդգծել է, որ Բեռլինն իր հերթին պատրաստ է բանակցել Գերմանիայի տարածքում գտնվող ռուսական ժառանգության վերադարձի շուրջ:
Միևնույն ժամանակ ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն ասել է, որ մշակութային արժեքների փոխանակում չի կարող լինել, քանի դեռ երկրների միջև առողջ քաղաքական երկխոսություն չի հաստատվել:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանում գործող օրենքի համաձայն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ռուսաստան տեղափոխված մշակութային իրերը երկրի մշակութային ժառանգությունն են համարվում և վերադարձման կամ փոխանակման ենթակա չէ: