ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել են ֆինանսական միջոցներ՝ գիտական սարքավորումների ձեռքբերման, Միջգիտակարգային տվյալների կենտրոնի (Interdisciplinary Data Center) ստեղծման և մշակույթի ոլորտում կապիտալ ներդրումների համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով որոշումների նախագծերը, տեղեկացրել է, որ անցած նիստի ընթացքում ընդունված որոշումն առ այն, որ գումար է հատկացվել շուրջ 70 հաստատությունների՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և շինարարական աշխատանքներ իրականացնելու համար, լայն արձագանք է գտել.«Մասնագետները ևս մատնանշում են, որ նման ծավալի աշխատանքներ, հատկապես կապիտալ նեդրումների առումով, նման ժամկետներում չեն իրականացվել: Նման հատկացումներ կկատարվեն նաև գիտության և մշակույթի ոլորտում. առաջարկվում է 448 մլն դրամ այս տարի հատկացնել Գիտության կոմիտեին: Այս տարի տրամադրվող գումարները, իրոք, աննախադեպ են, քանի որ գիտական սարքավորումներ ձեռք բերելու համար այս ծավալի գումար նախորդ տարիներին չի հատկացվել, և սա գիտության ոլորտում ևս դրական արձագանք է գտել»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ վերջին տարիների գիտական սարքավորումներ գնելու համար հատկացվել է տարեկան 90 մլն դրամ, մինչդեռ այս տարի հատկացվել է 320 մլն և 420 մլն դրամ, որը, ըստ Արայիկ Հարությունյանի, խթան կհանդիսանա գիտության զարգացման համար: