Արարատի մարզի Հովտաշատ գյուղի գյուղապետ Հովիկ Թադևոսյանը համարում է, որ եթե ինքը գյուղապետն է, ապա այդ գյուղում գտնվող ամեն ինչ իրենն է, սկսած` հողից, ջրերից, լճերից ու մնացած ամեն ինչով: Ինքը Հովտաշատի ոչ միայն գյուղապետն է, այլ սեփականատերը, գյուղացիներն էլ իր նազիր վեզիրները:

Անցած տարվա դեկտեմբերի 24-ին հանայնքապետ Թադևոսյանը իր «ավազակախմբով» ներխուժել էր ուրիշի սեփականություն հանդիսացող ձկնաբուծարան, և ձուկ գողացել, հայտարարելով, որ ձկնաբուծարանն իրենն է և հետևաբար այնտեղ ապրող ձկներն էլ են իրենը: Չնայած ոչ նա ոչ իր «ավազակախմբի» անդամներից որևէ մեկը ձկնաբուծարանի լճերում ոչ մանրաձուկ էին բաց թողել, ոչ կերակրել: Նոր կոչվող Հայաստանի իրավապահ համակարգը ոչ մի կերպ չարձագանքեց այս գողությանը, երևի թե այն պատճառով, որ գյուղապետ Հովոյին հաջողվել է լեզու գտնել նոր իշխանությունների հետ և նա արդեն «գողություն» է անում նրանց տանիքի տակ:

Ինչպես անպատիժ ամեն մի հանցագործություն կրկնվելու սովորություն ունի, այնպես էլ Հովոն ու իր «ավազակախումբը» ոգևորվելով կատարված հանցագործության անպատժելիությունից և իրենց ստացած գողոնը վայելելու բերկրանքից, այսօր կրկին են հարձակվել ձկնաբուծական տնտեսության վրա, կրկնելով նույն հեքիաթը.«Այս լիճն իմն է, այս ձուկն իմն է, էս ով է եկել տիրացել թաքուն»: Ձնկաբուծարանի տնօրեն Արայիկ Կեսոյանը դիմել է իրավապահ մարմիններին, բայց քիչ հույս կա, որ իրավապահներn ինչ-որ կերպ կարձագանքեն, և սեփականատիրոջ օրինական իրավունքները կպաշտպանվեն: Եթե Հովոն իմանար, որ իրեն կարող են պատժել, երբեք նման քայլի չէր դիմի:

Բայց ինչպես «Չարի վերջը» հեքիաթում է աղվեսին հաջողվում երկու անգամ գողանալ կկվի ձագերին, իսկ երրորդ անգամ ռաստ է գալիս շանը` փոշմանելով, որ ընդհանրապես լույս աշխարհ է եկել, այնպես էլ առաջիկայում մենք ականատեսը կլինենք երկրում իրական օրինականության հաստատմանը: Այնպես որ, ձուկը ուտելուց առաջ, պետք է մտածել մարսելու մասին, թե չէ փուշը կարող է մարդ սպանել: Ողորմի…