Իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին թատրոնում ներկայացումը խարդախաբար չեղարկելու համար 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել, որից զատ պարտավորվել է դատարանին 500 եվրո վճարել, գրում է Il Messaggero պարբերականը:

Բանն այն է, որ 2010թ.-ի դեկտեմբերին Մուտին չեղարկել է Պորդենոնե քաղաքի «Վերդի» թատրոնում կայանալիք ներկայացումը, որի դիմաց 24 000 եվրո էր վճարվել նրան: Դերասանուհին հիվանդ է ձևացել, մինչդեռ իրականում մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ բարեգործական համերգի ժամանակ ընթրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ամերիկացի դերասան Քևին Քոսթների հետ:

2015թ.-ի փետրվարին Պորդենոնե քաղաքի դատարանը դերասանուհուն 8 ամսվա ազատազրկման էր դատապարտել: Վերջինիս հաջողվել էր կեղծ բժշկական տեղեկանք ներկայացնել, որում նշված էր, որ նա 5 օր պետք է հանգստանար և չօգտագործեր ձայնը, սակայն Մուտիի՝ ռուս նախագահի հետ սեղանի շուրջ արված լուսանկարը սկսել էր շրջանառվել համացանցում:

Դերասանուհին կկարողանա խուսափել կալանքից «Վերդի» թատրոնին 30 000 եվրոյի չափով տուգանք վճարելու դեպքում: