Այո, մենք տեսնում ենք այդ հակաքարոզչությունը տարբեր խմբերի կողմից. նույնիսկ արդեն չեմ էլ զարմանում, որ այդ խմբերը նույնն են. գարդալիսի ժամանակ էլ էին նույնը, ալյուրի հարստացման ժամանակ էլ, հիմա ել, եւ ցավոք սրտի բազմաթիվ մարդիկ իրենց հավատում են: Այս մասին Հանրային խորհրդի հետ տեսահանդիպման ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ միգուցե տեղին է իշխանություններին ուղղված քննադատությունը, որ չի կասեցնում այդ հակաքարոզչությունը:

«Բայց այն մարդիկ, որոնք պետք է արձագանքեն, օրինակ հակահամաճարակային միջոցառումներ իրականացնողները, համաճարակաբանները, ինֆոկցիոնիստները, իրենք երեք ամիս տուն չեն գնում: Ես թույլ չեմ տալիս իմ լավագույն համաճարակաբանին գնալ «Հ1» եւ խոսել այս հակաքարոզչության վերաբերյալ, որովհետեւ ինքը շատ-շատ ավելի կարեւոր գործ է անում: Ասենք, 1000 հոգանոց արտադրամասում, որտեղ վարակի բռնկում է տեղի ունեցել, հակահամաճարակային միջոցառումներ է իրականացնում: Դա, իհարկե, վատ է, բայց ես ընտրել եմ իրական գործը՝ մտածելով, որ կլինեն նաեւ մարդիկ, որոնք կհակազդեն այդ հակաքարոզչությանը: Ես կոչ եմ անում ձեզ, Հանրային խորհրդի անդամներին, հանրային արձագանքի հարցում մեզ օգնել:

Հաճախ ես ինքս եմ արձագանքում, որը կարող է տարօրինակ թվա, կարող է ասեն՝ դու ուղիղ մասնագետ չես, ինչի ես ամեն ինչ քո վրա վերցնում: Բայց ես կարծում եմ, որ ժամանակի առումով ես ավելի անկարեւոր եմ, քան մի սովորական համաճարակաբան, որը հիմա դաշտըային գործ է անում»,-հայտարարեց նախարարը: