Լատինամերիկյան 3 ավիաընկերություն ժամանակավորապես դադարեցրել է Boeing 737 MAX ինքնաթիռների օգտագործումը՝ Եթովպիայում Ethiopian Airlines ավիաընկերությանը պատկանած այդ նույն տեսակի ինքնաթիռի կործանման պատճառով:

Ինչպես հաղորդում է FlightGlobal-ը, Aerolineas Argentinas ընկերությունը, որն ունի Boeing 737 MAX տեսակի 5 ինքնաթիռ, ժամանակավորապես դրանցով թռիչքներ չի իրականացնի: Նույն որոշումն են կայացրել նաև Aeromexico և Gol ավիաընկերությունները, որոնք ունեն համապատասխանաբար 6 և 7 նման օդանավ:

Աղբյուրը հավելում է, որ նման որոշման ընկերությունները եկել են Բրազիլիայի քաղաքացիական ավիացիայի ազգային գործակալության (ANAC) հետ խորհրդակցություններից հետո:

Ավելի վաղ Boeing 737 MAX-ից ժամանակավորապես հրաժարվելու որոշում է կայացվել նաև Ինդոնեզիայում, Չինաստանում և Սինգապուրում: Ողբերգական միջադեպից անմիջապես հետո Boeing 737 MAX օդանավերով թռիչքների դադարեցման մասին է հայտարարել նաև հենց Ethiopian Airlines-ը:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Ethiopian Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, որն ուղևորվում էր Քենիայի մայրաքաղաք Նայրոբի, կործանվել է Եթովպիայի տարածքում: Ինքնաթիռում եղել է 149 ուղևոր ու անձնակազմի 8 անդամ: