Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված հունվարի 8-ին արձանագրված միջադեպի փաստի առթիվ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով։
«Ռազմական ոստիկանությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Դատախազական հսկողությունն իրականացնում է Զինվորական դատախազությունը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։
Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է. խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կողմից։
Հիշեցնենք, որ armtimes.com-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, որ դեպի հավաքակայան երթևեկող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս՝ կռվի նպատակով, սակայն տեսանյութում լսվում է, թե ինչպես են կոչ անում դադարեցնել պլանավորածը՝ «նկարում են, մի՛ արեք»: