Նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից առաջարկություններ են հնչում ղարաբաղյան խնդրի թեմայով ԱԺ լսումներ կազմակերպելու վերաբերյալ: Խորհրդարանի ղեկավարությունը, սակայն, ցանկանում է նախ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկում անել:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ վաղը ՀՀ արտաքին գործերի նախարարը փակ հանդիպում է ունենալու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ:

Ըստ Մարուքյանի՝ նման հարցերը կարևոր են, որ նախ փակ ռեժիմով քննարկվեն, իսկ խորհրդարանական լսումների կարիքն ինչ-որ փուլում կարող է լինի:

«Այս փուլում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշել է ունենալ փակ հանդիպում արտգործնախարարի հետ: Հիմա դրանից հետո կարող է որոշի լսումներ անել, բայց դա պետք է ունենա նպատակ: Ինքնանպատակ որևէ գործիքի օգտագործում ուղղակի կարող է լինել գազը բաց թողնելու նման»,- ասաց Մարուքյանը: