Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Սեզաի Թեմելլիին  կոչ է արել լքել երկիրն ու հաստատվել Իրաքյան Քրդստանում: Այս մասին գրում է «Միլլիյեթ» պարբերականը:

Էրդողանին զայրացրել է Սեզաիի՝  Քրդստանի ՏԻՄ ընտրություններում հաղթելու վերաբերյալ հայտարարությունը:

«Թուրքիայում Քրդստան կոչվող շրջա՞ն կա: Խնդրեմ, տեսե՛ք, թե ի՞նչ է ասում. «Քրդստանում մենք ենք հաղթելու»: Թուրքիայում ես նման շրջան չունեմ: Մենք ունենք Հարավ-արևելյան Անատոլիա, Արևելյան Անատոլիա, Սևծովյան շրջան, Միջերկրական ծովի, Էգեյան ծովի առափնյա շրջաններ, բայց Քրդստան կոչվող շրջան չունենք: Թուրքիայից գնա՛: Իրաքում Քրդստան անունով շրջան կա, գնա՛ այնտեղ», – ասել է Էրդողանը:

Նա մեղադրել է նաև ընդդիմադիր այլ ուժերին՝ քեմալական ժողովրդահանրապետականներին և ընդդիմադիր ազգայնական «Լավ» կուսակցությանը՝ քրդամետների հետ համագործակցության համար:

Նշենք, որ Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները կկայանան մարտի 31-ին: