Մարտի 31-ին Թուրքիայում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ բնորոշել էր որպես «Թուրքիայի գոյության համար կարևոր ընտրություններ»:

Այս մասին գրում է Reuters-ը՝ նկատելով, որ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կարող է պարտվել մայրաքաղաք Անկարայում, երկրի խոշորագույն քաղաք Ստամբուլում և այլ խոշոր կենտրոններում: Այդ են վկայում հարցումների արդյունքները:

Թուրքերի դժգոհության պատճառը տնտեսական վիճակն է, ազգային արժույթի՝ լիրայի արժեզրկումը, ուստի՝ որոշ ընտրողներ պատրաստ են պատժել Էրդողանին:

«Իրականում չէի պատրատսվում այսօր ընտրություններին մասնակցել, սակայն երբ տեսա՝ որքան են նրանք («Արդարություն և զարգացում կուսակցություն) համառորեն գովում, մտածեցի, որ նրանց խելքի բերելու ժամանակն է: Բոլորն էլ դժգոհ են, բոլորն էլ պայքարում են»,-գործակալության հետ զրույցում նշել է Անկարայի 47-ամյա բնակիչը:

Հայտնի է, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 57 մլն մարդ: Ընտրությունների անվտանգ ընթացքն ապահովում է 553 000 ոստիկան:

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ մարտի 31-ի ընտրություններից հետո Թուրքիան կհաղթահարի տնտեսական դժվարությունները՝ ընդգծելով, որ ինքը «տնտեսության ղեկավարն» է: