Թերեզա Մեյը վարչապետը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Մեծ Բրիտանիան ԵՄ-ն չի լքել, պնդում է գանձապետարանի կանցլեր Ֆիլիպ Համոնդը, փոխանցում է AP-ն:

«Վարչապետն ասել է, որ կհեռանա, հենց գործարքը կնքի եւ մեզ Եվրամիությունից դուրս բերի: Բայց, որքանով տեղյակ եմ, այդ գործարքն առայժմ չի կնքվի»,- Bloomberg-ի հետ զրույցում հայտարարել է Համոնդը:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը ապրիլի 10-ի արտահերթ գագաթնաժողովում փակուղում հայտնված Բրիտանիայի համար բրեքսիթի ժամկետը հետաձգել է մինչեւ հոկտեմբերի 31-ը: Եվրոպացի դիվանագետների պարզաբանմամբ՝ օրը կապված է ԵՄ ղեկավար կազմի ապագա փոփոխության հետ. նոյեմբերի 1-ին իր լիազորություններն է ստանձնելու նոր Եվրահանձնաժողովը, եւ եթե Բրիտանիան իսկապես, ի վերջո, պատրաստվում է հեռանալ, ապա կարեւոր է, որ այն չմասնակցի Եվրամիության նոր կառավարության աշխատանքին:

Թերեզա Մեյը մարտի վերջին կուսակից պատգամավորներին խոստացել էր մինչեւ մայիսի 22-ը հեռանալ, եթե Համայնքների պալատը նրանց օգնությամբ, այնուամենայնիվ, հաստատի ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը:

Սակայն կուսակցությունում Մեյի ավելի մեծ թվով ընդդիմախոսներ են հրապարակայնորեն ասում առաջիկայում նրան հանելու՝ հնարավոր է, մինչեւ մայիսի վերջ, եւ ամռանը կուսակցության նոր առաջնորդի ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: