Թուրքիայի Հանրապետության բարձրագույն վարչական դատարանը հակասահմանադրական է ճանաչել երկրի ԶՈւ-ում կանանց գլխաշոր կրելու իշխանությունների թույլտվությունը:
Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, դատարանը ԶՈւ-ի անդամ կանանց գլխաշոր կրել թույլատրելը համարել է Թուրքիայի սահմանադրության մեջ առկա «աշխարհիկության մասին» սկզբունքին հակասող՝ հիշեցնելով, որ պետական ծառայողներն, ըստ Սահմանադրության, որևէ կերպ իրավունք չունեն ակնհայտ ցուցադրելու իրենց քաղաքական կամ կրոնական հայացքները:Ի դեպ, իշխանությունների կայացրած որոշման դեմ հայցը դատարան էր ներկայացրել «Ժողովրդի փրկության կուսակցությունը»՝ հայցում շեշտելով, որ ԶՈւ-ում ծառայող կանանց գլխաշոր կրելու արգելքը վերացնելով՝ Թուրքիայի իշխանությունները փաստացի թուրքական ԶՈւ-ն տանում են դեպի «կրոնական պետության համակարգ»:
Հիշեցնենք, որ դեռևս 2016թ.-ի օգոստոսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել էր կին ոստիկաններին գլխաշոր կրելն արգելող օրենքը, որը գործում էր մինչ այդ:
2007թ.-ին դեռևս վարչապետ Էրդողանը համառ ջանքերի արդյունքում վերացրեց Թուրքիայի համալսարաններում գլխաշոր կրելու արգելքի մասին օրենքը, այնուհետև 2013թ.-ին «Ժողովրդավարացման փաթեթի» շրջանակում պետական հաստատությունների աշխատակիցների շրջանում նույնպես վերացվեց այդ արգելքը:
Ի դեպ, Թուրքիայում կանանց գլխաշոր կրելու արգելքի շուրջ վեճերը սկսվել են 1960-ական թվականներից, երբ տարբեր ուսումնական հաստատություններում խիստ ավելացավ գլխաշոր կրող աղջիկների ու կանանց թիվը:
1980թ.-ի ռազմական հեղաշրջումից հետո պաշտոնապես արգելվեց գլխաշոր կրել ուսումնական հաստատություններում և պետական հիմնարկներում: