Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ի հեճուկս ԱՄՆ-ի հնչեցրած կոչերին՝ թուրքական ԶՈւ-ն կմտնեն սիրիական Մանբիջ։ Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:

Էրդողանը շեշտել է, որ թուրքական ԶՈւ-ն պետք է մտնեն Մանբիջ և այնտեղից վռնդեն քուրդ զինյալներին, քանի որ ԱՄՆ-ն, չնայած իր տված խոստումներին, այդպես էլ չարեց դա:

«Մաքրում, մաքրում էիք, բայց չկարողացաք դուրս հանել։ Այդ դեպքում մենք պիտի մտնենք Մանբիջ: Ես բացահայտ եմ ասում. Թուրքիան բավական ժամանակ է կորցրել Եփրատի արևելքում ահաբեկչական խմբավորումների գործողություններին միջամտելու հարցում: Այլևս չենք կարող գեթ մեկ օր ուշանալ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, որ երկրի ԶՈւ-ն հաշված օրեր անց ռազմական գործողություն կսկսեն Սիրիայի տարածքում՝ Եփրատ գետի աջ ափին տեղակայված քրդական ուժերի դեմ:

ԱՄՆ Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Ռոբերթսոնն «անընդունելի» էր որակել Թուրքիայի ռազմական գործողությունների ծրագիրը Մանբիջում՝ հիշեցնելով, որ այնտեղ գտնվում են նաև ամերիկացի զինվորականները: Էրդողանը, սակայն, պնդել էր, որ թուրքական ԶՈւ-ն չեն թիրախավորի ամերիկացի զինվորականներին և կպայքարեն միայն քուրդ զինյալների դեմ: