Աշխարհահռչակ երգչուհի Շերը գրառում է կատարել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների մասին: Թվիթերում նա իր հետեւորդներին հիշեցրել է 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին: Ընդգծել է, որ թուրք զինվորները դեռ արյան ծարավ են:

«Կներեք, որ շարունակում եմ գրառումներ անել քրդերի մասին, բայց ես դեռ 11 տարեկանից լսել եմ արյան ծարավ թուրքերի մասին, որոնք տանջել ու սպանել են մոտ 2 մլն հայի: Թուրք զինվորները դեռ արյան ծարավ են: Նրանք թրամփի օրհնությամբ ցեղասպանության կենթարկեն քրդերին»,- նշել է երգչուհին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգանունը հատուկ փոքրատառ գրելով:

Շերը պարբերաբար գրառումներ է կատարում Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին: