Թուրքիայում գործարար Վեդաթ Յոնգելի սպանության գործի շրջանակում Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի է ձերբակալվել, վերջիններս կասկածվում են սպանության գլխավոր կասկածյալներ 46-ամյա Ստելլա Մ.-ին և նրա որդուն՝ 28-ամյա Վարլամ Մ.-ին աջակցելու համար:

Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, սպանության համար կասկածվողները նույնպես ՀՀ քաղաքացիներ են, որոնք դեպքից երկու օր անց Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից մեկնել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որտեղից էլ անցել են Հայաստանի տարածք: Նշվում է, որ նրանց հետ միասին եղել են նաև Վարլամ Մ.-ի կինն ու երկու դուստրերը:

Ըստ հետաքննության տվյալների՝ զենքը, որով իրականացվել է սպանությունը, նետվել է ծովը: Գործարարի և ընտանիքի միջև եղած կապի մասին մանրամասներ չեն ներկայացվում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարի 16-ին գործարար Վեդաթ Յոնգելը Ստամբուլի իր տնից 10 000 դոլար է վեցրել ու դուրս եկել անհայտ ուղղությամբ: Տևական ժամանակ նրանից լուր չստացած որդիներն ահազանգել են ոստիկանություն:

Ոստիկանական աշխատանքների ընթացքում ՀՀ քաղաքացի Վարլամ Մ.-ն WhatsApp մեսենջերի միջոցով անձամբ գրել է գործարարի որդուն ու հայտնել Յոնգելի գտնվելու վայրը: Տրամադրված հասցեով մեկնած իրավապահները գործարարին գտել են մահացած՝ հրազենային վնասվածքների հետքերով: