Թուրքիան պատրաստ է ապահովելու Սիրիայի Մանբիջ նահանգի անվտանգությունը: Այս մասին ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով նախորդ շաբաթ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրականացրած պայթյունի հետևանքով Մանբիջում ԱՄՆ չորս քաղաքացիների զոհվելու փաստին:

Reuters-ի հաղորդմամբ՝ Էրդողանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և քրդերի աջակցությունը վայելող Սիրիայի դեմոկրատական ուժերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջում իրականացված ահաբեկչությունն իրականում սադրանք էր, որի նպատակն էր նախագահ Թրամփին ամերիկյան զորքը Սիրիայից դուրս բերելու հարցում մտափոխվել ստիպելը:

Հիշեցնենք, որ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր Սիրիայից 2000 ամերիկացի զինծառայողի տուն վերադարձնելու որոշման մասին: Որպես հիմնավորում՝ ԱՄՆ նախագահն ասել էր, որ ԻՊ-ն Սիրիայում պարտված է:

Թրամփի հայտարարությունից հետո Մանբիջի շուրջ լարվածությունն ավելացել է, քանի որ նահանգում  ամերիկյան զինուժի ներկայությունը թույլ չէր տալիս թուրքական կողմին հարձակվել քրդերի վրա:

Ավելի վաղ Թրամփն Անկարային սպառնացել էր, որ սիրիաբնակ քրդերի վրա հարձակմանը կհետևի ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի տնտեսապես ոչնչացումը:

ԱՄՆ նախագահն առաջարկել էր նաև անվտանգության գոտի ստեղծել Մանբիջում, ինչին Սիրիայի դեմոկրատական ուժերը կողմ են: Մինչդեռ Թուրքիան ցանկանում է, որ անվտանգության գոտին քրդերից մաքրված լինի: