Թուրքիան Մանբիջի հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հույսեր ունի, սակայն չի կարող հավերժ սպասել: Այդ մասին, թուրքական «Միլլիյեթ»-ի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք սրտանց ցանկանում ենք, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և շահագրգիռ այլ կողմերի հետ մեր քննարկումները բերեն փոխըմբռնման, սակայն դա չի նշանակում, որ մենք հավերժ սպասելու ենք», – ասել է Էրդողանը և նշել, որ թուրքական ԶՈւ-ն արդեն կազմ ու պատրաստ սպասում են թուրք-սիրիական սահմանին:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ իրենք պատրաստ են պայքարելու և՛ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, և՛ քուրդ զինյալների դեմ:

«Թուրքիայի դեմ հարձակում նախաձեռնող ցանկացած խմբավորում շատ թանկ կվճարի դրա համար», – ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Թուրքիան ծրագրում է է ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի Մանբիջ նահանգում՝ քուրդ զինյալների դեմ, որոնք ԱՄՆ-ի դաշնակիցն են՝ Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիան տնտեսապես ոչնչացնելու սպառնալիք էր հնչեցրել, եթե թուրքական կողմը հարձակվի սիրիաբնակ քրդերի դեմ: