Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 15-ին արտակարգ դրություն կհայտարարի երկրում, ինչի արդյունքում Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցման համար 8 մլրդ դոլար ստանալու հնարավորություն կունենա:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Սպիտակ տնից հայտնել են, որ նախագահը կստորագրի պետական ծախսերի վերաբերյալ երկկուսակցական փաստաթուղթը, ինչը հնարավորություն կտա խուսափելու կառավարության ևս մի «շաթդաունից» (դաշնային կառավարության ֆինանսավորման մասնակի դադարեցում):

Այնուհանդերձ՝ արտակարգ դրության հայտարարումն անհրաժեշտ է, որպեսզի Թրամփը կարողանա սահմանային պատի կառուցման համար գումար ստանալ: Ակնկալվում է, որ նախագահն այսօր կստորագրի և՛ ծախսերի վերաբերյալ փաստաթուղթը, և՛ արտակարգ դրության սահմանման մասին որոշումը:

Թրամփի ամենաակտիվ ընդդիմախոսներից մեկը՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ և Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նենսի Փելոսին, չի բացառել, որ իրենք կարող են իրավական գործընթաց սկսել նախագահի որոշումն արգելափակելու համար:

Հայտնի է, որ Թրամփն ավելի վաղ Կոնգրեսից 5,7 մլրդ դոլար էր պահանջել պատի կառուցման համար, սակայն մերժվել էր: Դրա պատճառով նա հրաժարվել էր ստորագրել բյուջեի օրինագիծը, ինչն էլ հանգեցրել էր երկրի պատմության մեջ ամենաերկար «շաթդաունին»: