Ավան և Նոր Նորք վարչաական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան։ Այստեղ են իմքայլական մի քանի պատգամավորներ՝ Նարեկ Զեյնալյանը, Հայկ Կոնջորյանը, Մխիթար Հայրապետյանը, Տաթևիկ Հայրապետյանը։ Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշել է միանալ դատարանի դիմաց գտնվող մարդկանց, ովքեր իրենց բողոքն են հայտնում դատական իշխանության հանդեպ։ Անդրադառնալով առաջացած պատճառներին Հայրապետյանն ասաց. «Կարծում եմ` պատճառները քանիցս էին և, ըստ էության, հենց նոր, երբ քայլում էինք ժողովրդի մեջ, մեզ մեղադրում էին, որ մենք դանդաղել ենք, պետք է ավելի կոշտ լինեինք։ Բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է լինի օրինականության սահմաններում։ Կարծում եմ մեր պարտավորությունն է այստեղ լինել, որպես օրենսդիրներ և մարդիկ, ովքեր ընտրվել են քաղաքացիների կողմից»։

Հայրաետյանը նշեց, որ չի կարծում, թե իրենց ներկայությունը կարող է դիտարկվել, որպես ճնշում։ «Բողոքի ակցիա է, որին մասնակցում են քաղաքացիները և հնարավոր պրովոկացիաներից խուսափելու համար ոստիկաններից բացի անհրաժեշտ է օրենսդիր մարմնի ներկայացուցիչները»։ Հայրապետյանը նշեց, որ ապրում ենք ժողովրդավար երկրում և նորմալ է վերաբերվում քննադատություններին։ Պատգամավորը հրաժարվեց մեկնաբանություններ տալ և հորդորեց սպասել վարչապետի ելույթին։