Ակնհայտ է, որ ստեղված իրավիճակը խնդրահարույց է և մասնագիտական հանրույթը ոչ միակարծիք վերաբերմունք ունի երևույթի նկատմամբ․ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից այսօր հրավիրված ասուլիսին այս մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին՝ կա՞ սահմանադրական ճգնաժամ, ի վերջո, և ի՞նչ կարծիք ունեն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ԱԺ-ին հասցեագրված նամակի վերաբերյալ, որում լուծման տարբերակ էր առաջարկվում ստեղծված ճգնաժամի համար։

«Մենք գործ ունենք խնդրի հետ, որին լուծում պետք է տրվի: Տարբերակ առաջարկել է Վահե Գրիգորյանը, չեմ կարող պնդել, որ «Իմ քայլն» ունի հստակ դիրքորոշում, թե ինչպես ենք տեսնում հանգուցալուծումը: Հնարավոր է՝ մենք հանդես գանք լուծման մեկ այլ առաջարկով, դա դեռևս քննարկման փուլում է»,-ասաց նա և հավելեց, որ չի էլ կարող նաև կարծիք հայտնել՝ կա՞ ճգնաժամ, թե՞ ոչ։

«Խնդրահարույց է իրավիճակը, որը պահանջում է լուծում, որովհետև այն պրագայում, երբ շատ որոշումներ կախված են հենց հարցի սահմանադրականությունը քննելուց, դիտարկելու՝ սահմանադրական է, թե ոչ, ապա այստեղ պետք է և չշտապել և հապճեպ որոշումներ չկայացնել»,-ասաց նա։

Մակունցի խոսքով՝ ենթադրվում է, որ իրենց պատասխանը աշնանային նստաշրջանին կտրվի։

«Այս հարաբերական դադարը խոսում է այն մասին, որ հեշտ վիճակում չենք գտնվում և չենք շտապում քայլեր անել, որ իրավիճակն ավելի չբարդանա։ ՍԴ-ին առնչվող հարցերին հետ կապված՝ հակված ենք, որ լուծումներով հանդես կգանք մինչև սեպտեմբեր։ Լուծումներ նկատի ունենք, որ օրենքի շրջանակներում լինեն մեր բոլոր գործողությունները և որևէ կերպ հանգուցալուծումը չդիտարկվի որպես դատական իշխանության նկատմամբ միջամտություն: Խնդիրը, մոտեցումները բազմակողմանի են, և մեր դիրքորոշումն իրավական լուծում տալն է, նաև կարևոր է միջազգային պարտավորության շրջանում որևէ խնդրահարույց որոշումների չհանգեցնելը»,-ասաց Մակունցը:

Դիտարկմանը, թե Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորների յոթ թափուր տեղեր է տեսնում, Մակունցը նշեց, որ նույնիսկ իրավաբանական տիրույթում միանշանակ չկա մոտեցում հարցի վերաբերյալ։ «Առաջինը հենց իրավական տիրույթում պետք է լինի լուծում»,-ասաց նա։

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ Վահե Գրիգորյանի նամակը ստացել են, բոլորը ուսումնասիրում են և անդրադարձ կլինի։ «Փաստաթուղթը մեծ է և ուսումնասիրության կարիք ունի»,-ասաց նա։

Հարցին, թե ի վերջո Վահե Գրիգորյանը ՍԴ նախագահ է, թե ոչ, Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ բոլոր տեսակի մեկնաբանություններ կարող են լինել։

«Պարզապես ՍԴ-ն երեք ռեժիմի ընտրված անդամներ են կամ դատավորներ՝ և տարիքային ցենզի հետ կապված և պաշտոնավորման ժամկետի հետ կապված որոշակի սահմանափակումներ կարող են լինել, բայց նույն սկզբունքով չի ձևավորվել։ Այս պահին անցումային փուլում ենք, և կարևոր է հասկանալ, որ այս խնդիրը ԱԺ-ի խնդիրը չէ, դա ՍԴ-ի և դատական իշխանության վերբերող հարց է»,-ասաց նա։