Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստին հայտարարված ընդմիջումից հետո «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն անդրադարձավ «Իմ քայլը» ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովի ավելի վաղ ասված խոսքին՝ ԵԿՄ-ի վերաբերյալ:

«Իր խոսքի մեջ ասեց, որ Երկրապահի գրասենյակները, որոնք գտնվում են մանկապարտեզների շենքերում, չի հասկանում՝ ինչ ժառանգություն է դա, ցավում եմ, որ դուք չեք գիտակցում երկրապահի ժառանգությունը: Ուրեմն գնացեք Եռաբլուր, կհասկանաք՝ ինչ ժառանգություն է թողել: Ասեմ, որ երկրապահը Ձեզ Արցախ է թողել, ՀՀ է թողել: Աստված չանի, եթե նորից պատերազմ լինի, համոզված եմ, որ էս դահլիճում գտնվողների տասը տոկոսը չի գնալու սահման, երկրապահն ա գնալու ձեր ու ձեր երեխաների կյանքը պահելու, իսկ դուք ղումար եք խաղում երկրապահի գրասենյակի վրա. ամոթա՛, մի քիչ հայրենասիրություն ունեցեք»:

Քաղաքապետ Հայկ Մարությանը ելույթի վերաբերյալ ասաց. «Չեմ կարծում, որ ելույթը տեղին էր, որովհետեւ վստահ եմ, որ այս դահլիճում բոլորի մոտ նույն վերաբերմունքն է ձեր բարձրացրած հարցի շուրջ»:

Ավանեսովը արձագանքեց Անի Խաչատրյանի ելույթին՝ ասելով, որ ինքն այդպիսի բան չի ասել. «Ես նման խոսք չեմ ասել, խնդրում եմ՝ քաղաքական շահարկումների մեջ չմտնել: Ես խնդրում եմ կոռեկտութունը պահպանել»:

Անի Խաչատյանը, դիմելով քաղաքապետին, ասաց, որ կողմնապահություն է անում, չի ասում, որ օրակարգից շեղվում է:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամները տեղից սկսեցին ռեպլիկներ անել՝ ուղղված Խաչատրյանին: