Իսրայելի առևտրի կետերում շուտով կհայտնվի, այսպես կոչված, բուսական ծագման միս: Վերջին ամիսների ընթացքում այն համտեսել են ռեստորաններում, գրում է РИА Новости-ն:

Նոր մթերքի գինը կլինի շուրջ 10 դոլար՝ 250 գրամի դիմաց: «Բուսական մսի» համը, հոտը և տեսքը սովորական մսին նման կլինի։ Աղբյուրն ընդգծում է, որ «բուսական միսը» չի պարունակի խոլեստերին, սոյա կամ գլյուտեն, իսկ ճարպային մասն ընդամենը 5 գրամ կլինի:

Նշվում է, որ այս մթերքն ընդամենը մեկն է իրական մսին փոխարինող բազմաթիվ մթերքներից, որոնք շուտով կհայտնվեն շուկայում:

«Future Meat Technologies» ընկերությունը ֆերմերներին տրամադրում է կենդանիների բջիջներ, հյուսվածքների աճի համար հատուկ սարքավորումներ և սնուցող նյութեր: Աճից հետո հյուսվածքներն ուղարկվում են վերամշակող գործարաններ, որտեղ վերածվում են մսի։ Արհեստական միսը համի առումով գրեթե չի տարբերվում բնական մսից:

Այսպիսով, շատ շուտով բուսակերները կկարողանան հյութեղ սթեյք կամ կոտլետ ճաշակել՝ առանց սեփական սկզբունքներից հրաժարվելու: Նշենք, որ երկրի բնակչության թվի համեմատ՝ հենց Իսրայելն է բուսակերների թվի առումով առաջատարն աշխարհում :