Բեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում Brexit-ի՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց են անցկացրել, հաղորդում է BBC-ն:

Պատճառն այդ հարցով երեկ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների կողմից վարչապետ Թերեզա Մեյի համաձայնագրի արդեն երրորդ մերժումն է:

Ցույցի մասնակիցներրը դրոշներ են ծածանել, երգել են և վանկարկել «Brexit` հիմա՛»: Ցույցի հետևանքով արգելափակվել է խորհրդարանի շենքի շուրջ երթևեկությունը:

Հիշեցնենք, որ երեկ Brexit-ի գործարքին դեմ է քվեարկել 344 պատգամավոր, կողմ՝ 286-ը: Քվեարկությունն անցկացվել է այն օրը, երբ, ըստ նախնական պայմանավորվածության, Միացյալ Թագավորությունը պետք է դուրս գար ԵՄ կազմից:

Սա նշանակում է, որ Մեծ Բրիտանիան կորցնում է Brexit-ը մինչև մայիսի 22-ը հետաձգելու և Եվրամիության կազմից համաձայնագրի կնքմամբ դուրս գալու հնարավորությունը: