Հայտնի ռուս հեռուստառադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Վեստի FM» ռադիոկայանի «Полный контакт» ծրագրի եթերում անդրադարձել է անցած շաբաթ Մոսկվայում հայազգի գործարար Ալբերտ Խուդոյանի ձերբակալությանը, գրում է rusarminfo.ru-ն:

Սոլովյովը կասկածի տակ է առել Խուդոյանի գործի քննության պայմանների օրինաչափությունը:

«Թվում է, թե` դե գործ է, էլի: Նրանք (Խուդոյանն ու նրա դեմ հայց ներկայացրած անձը – tert.am) իրար մեջ ինչ-որ հարցեր են պարզում: Ինչպես որ հաճախ է պատահում՝ գործընկերների միջև հարաբերությունները հասել են այն փուլին, երբ երկուսն էլ պնդում են, որ իրեն պարտք են: Ցավոք, այդպես պատահում է: Բայց ինչպե՞ս այս հարցը կլուծվեր ինչ-որ քաղաքակիրթ երկրում: Կողմերը կդիմեին դատարան, և հետո կսկսվեր բոլորին հասկանալի պարզ գործընթաց: Նրանք կպարզեին իրենց հաշիվները: Սակայն այս պարագայում ինչ-որ կերպ, ինչ-որ անհասկանալի պատճառով կողմերից մեկին ձերբակալել են, իսկ ինչո՞ւ: Խորամանկ քննիչները որոշել են գումար կորզել և մեկից, և մյուսի՞ց»,-հարց է հղել Սոլովյովը:

Նրա համոզմամբ՝ ակնհայտ է, որ Խուդոյանի դեմ գործը հարուցվել է նրա վրա ճնշում գործադրելու, նրան «համագործակցության» դրդելու նպատակով:

Սոլովյովի խոսքով՝ այս պարագայում գործի է դրվել «զուտ ռուսական տեխնոլոգիան», որը լրագրողի բնորոշմամբ՝ ոչ քաղաքակիրթ է:

«ׂՉգիտեմ, թե այդ երկուսից ով է իրավացի, ով է ում գումար պարտք, սակայն ինձ դուր չի գալիս այս հարցի լուծման համակարգը: Չեմ բացառում, որ նրանցից յուրաքանչյուրն իր ճիշտն ունի, կամ որ մեկը մյուսին վիրավորել է, կամ էլ որ մեկը մյուսին փորձում է «գցել», սակայն նման հարաբերությունների լուծման համակարգը պետք է կառուցվի առանց պետական ճնշիչ մեխանիզմի ուղղակի ներգրավման»,-ասել է Սոլովյովը:

Նա հավելել է, որ բիզնեսում հաշիվները պարզելու նպատակով իրավապահ մարմինները որպես գործիք կիրառելը անառողջ համակարգի նշան է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, անցած շաբաթ Մոսկվայում ձերբակալվել է Optima Development ընկերության սեփականատեր, հայազգի գործարար Ալբերտ Խուդոյանը, որի նկատմամբ դատարանը մինչ օգոստոսի 14-ը տնային կալանք է սահմանել:

Խուդոյանը մեղադրվում է խարդախության, մի ընկերությունից երեք հողատարածք գողանալու և այդպիսով 2 մլրդ ռուբլու վնաս պատճառելու համար: Նրան սպառնում է տասը տարվա ազատազրկում:

Ալբերտ Խուդոյանն իր մեղքը չի ընդունում, իսկ նրա պաշտպանության կարծիքով՝ քրեական գործն ունի «պատվիրված» բնույթ:

«Քրեական գործը հարուցվել է բացառապես որպես գործարարի ակտիվների բռնազավթման գործիք: Այդ գործողությունների հիմնական նպատակը գործարարի վրա ճնշում գործադրելն է, որպեսզի նա իր համար տնտեսական տեսանկյունից ոչ շահեկան որոշումներ կայացնի և փոխանցի բիզնեսը»,-հայտարարել է Խուդոյանի փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը:

Նա մանրամասնել է, որ գործը հարուցվել է՝ ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Իլդար Սամիևի և գործարար Սերգեյ Գովյադինի շահերից ելնելով:

Հատկանշական է, որ դատարանում հանգուցյալ գործարար Լևոն Հայրապետյանի շահերը պաշտպանած փաստաբան Ռուբեն Մարգարյանը զուգահեռներ է անցկացրել Հայրապետյանի և Խուդոյանի գործերի միջև:

Աղբյուրը նկատում է, որ գործի «պատվիրված» բնույթի մասին է վկայում հենց դատավարության ընթացքը: Ի սկզբանե դատական նիստը պետք է բաց լիներ, հետո դատավորի վճռով այն դռնփակ դարձավ: Նույնիսկ վկաներին սկսեցին թույլ չտալ մասնակցել դրան:

Գործին անդրադարձել է հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, որի համոզմամբ՝ դա ընթացակարգային բոլոր նորմերի խախտում է:

Խուդոյանի փաստաբանը հայտարարել է, որ  իր պաշտպանյալի դեմ բողոքած մյուս անձը՝ Գովյադինը, քննիչի ներկայությամբ կասկածյալից 100 մլն դոլար է պահանջել գործի կարգավորման համար: Նրա խոսքով՝ դա հիմք է տալիս ստուգում սկսելու այն հարցի շուրջ, որ հայցվորները կարող են գաղտնի դավադրության մեջ լինել:

Անցած ուրբաթ հայտնի է դարձել, որ Խուդոյանի գործը փոխանցվել է «Բիզնեսն ընդդեմ կոռուպցիայի» փորձագիտական գնահատման կենտրոնին: ՌԴ բիզնես օմբուդսմեն Բորիս Տիտովը հայտարարել է, որ հայցը ներկայացրած կողմն արբիտրաժային դատարանով անհրաժեշտ փուլը չի անցել: