Կառավարության աշխատակազմը հանձնարարական է տվել՝ պարզելու, թե արդյոք Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ «Էլարդի»-ի եզրակացության մեջ կա՞ն այնպիսի տվյալներ, որոնք նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հանձնարարականը տրվել է Շրջակա միջավայրի նախարարությանը:

«Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետևյալ հանձնարարությամբ. պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:Հիշեցնենք, որ «Էլարդի» անցկացրած եզրակացությանը կասկածանքով են մոտենում բնապահպանները: Նրանք մասնավորապես ասում են, որ փորձաքննությունն արված է միայն առկա փաստաթղթերի հիմքում և որ «Էլարդն» ինքնուրույն փորձաքննություն չի կատարել ու չի եղել նաև հանքի տարածքում: