Ադրբեջանում փոթորկոտ եղանակի պատճառով ծովից ափ է տարհանվել 700 նավթագործ, որոնք աշխատում են ծովային արդյունահանման մեջ: Այստեղ հիմնական աշխատանքները դադարեցվել են, հայտնում է Turan-ը՝ վկայակոչելով SOCAR պետական նավթային ընկերության մամուլի ծառայությանը:

Կասպից ծովի շոգենավագնացությունից հայտնել են, որ փոթորկոտ եղանակի պատճառով «Կասպարա» նավերին փոթորկի նախազգուշացում է ուղարկվել: Ճանապարհին գտնվող բոլոր նավերին հանձնարարվել է ուղղվել ապաստարան եւ սպասել փոթորկի դադարելուն: Մնացյալ նավերի ծով դուրս գալը կասեցվել է:

Կասպիցում ուժգին փոթորիկը սկսվել է օգոստոսի 5-ին եւ կտեւի մինչեւ 8-ը: Ապշերոնում եւ Կասպիցի ջրատարածքում քամու արագությունը կկազմի վայրկյանում 30-35 մետր, ծովի ալիքների բարձրությունը կկազմի մի քանի մետր: