Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն վերջնականապես դուրս գա Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների լիկվիդացիայի համաձայնագրից, Ռուսաստանը ստիպված է լինելու թիրախավորել Եվրոպայում գտնվող ամերիկյան բոլոր հրթիռները։ Այս մասին փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ «Բանն այն է, որ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների լիկվիդացիայի համաձայնագրից դուրս գալուց հետո պոտենցիալ կերպով առաջանում է այն վտանգը, որ եվրոպական երկրներում կարող են տեղակայվել նման հրթիռներ, ինչպես դա եղել է Սառը պատերազմի տարիներին, որոնք կարող են ուղղված լինել ընդդեմ Ռուսաստանի։ Հետեւաբար, Ռուսաստանը կթիրախավորի եվրոպական ցամաքում ամերիկյան բոլոր հրթիռները»,- ասել է Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակը նաեւ հիշեցել է, որ ըստ էության տեղի կունենա այն, ինչ արդեն մեկ անգամ եղել է։