ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողովից առաջ կհանդիպի Վիետնամի նախագահ Նգուեն Ֆու Չոնգի և վարչապետ Նգուեն Սուան Ֆուկի հետ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահը Վիետնամ կժամանի երեքշաբթի՝ տեղական ժամանակով 20:30-ի սահմանում: Նա փետրվարի 27-ին հանդիպում կունենա նախ երկրի նախագահի, ապա վարչապետի հետ:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Վիետնամի մայրաքաղաք Հանոյ է ուղևորվել փետրվարի 23-ին՝ զրահապատ գնացքով: Ենթադրվում է, որ ուղևորությունը կարող է երկու օր տևել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ և ԿԺԴՀ առաջնորդների միջև պատմության մեջ երկրորդ՝ բարձր մակարդակով հանդիպումը նախատեսվում է անցկացնել փետրվարի 27-28-ը՝ Հանոյում: Առաջինը տեղի է ունեցել հունիսի 12-ին՝ Սինգապուրում: