Ստրասբուրգում կրակոցների հետեւանքով զոհվել է առնվազն 4 մարդ, հայտնում է BFMTV-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր 3 զոհի եւ 12 վիրավորի մասին:

Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում, կենտրոնական հրապարակներից մեկում՝ Պլաս Կլեբերում տեղակայված ծննդյան տոնավաճառի մերձակայքում:

Հակաահաբեկչության դատախազությունում տեղի ունեցածի փաստով քննություն է ընթանում:

Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիսթոֆ Կաստաները հայտարարել է սահմաններին հսկողության ուժեղացման մասին: Նրա խոսքով՝  հրաձիգի որոնումներով զբաղվում են անվտանգության ծառայության 350 աշխատակիցներ:

Նա նաեւ նշել է, որ ծննդյան բոլոր տոնավաճառներում անվտանգության միջոցառումները կուժեղացվեն:

Ոստիկանությունից հայտնել են, որ 29-ամյա կասկածյալը ծնվել է Ստրասբուրգում եւ անվտանգության ծառայություններին հայտնի էր որպես անձ, որը հավանական ահաբեկչական սպառնալիք է ներկայացնում:

BFM TV-ն հայտնում է, որ տղամարդը նախօրեին առավոտյան Նյուդորֆ թաղամասում գտնվող իր բնակարանից փախել է: Ավելի վաղ նրա բնակարանում խուզարկություն էր կատարվել կողոպուտի հետ կապված: Խուզարկության ժամանակ նռնակներ էին հայտնաբերել:

Թաղամասի բնակիչներին կոչ են արել տանից դուրս չգալ չհաստատված տեղեկությունների պատճառով այն մասին, որ ոստիկանները հենց այդ շրջանում են հայտնվել հրաձիգի հետքի վրա:

Մերձակայքում գտնվող Եվրախորհրդարանի շենքը անվտանգության նկատառումներով շրջափակվել է: Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Թաջանին թվիթերյան իր էջում կոչ է արել «թույլ չտալ իրենց վախեցնել ահաբեկչական կամ հանցավոր հարձակումներով»: