Ինչպես արդեն հայտնել ենք, կյանքից հեռացել է գործարար, բարերար Մամուդ Շավերշյանը, ով ավելի քան 10 տարի Ռուսաստանում անվճար հաց է բաժանել:

Հացի անվճար բաժանելու գաղափարը գործարարի մոտ առաջացել էր Մեծ հայրենական պատերազմի մասնակից պապի խոսքերից հետո. «Մարդիկ միշտ օգնության կարիք ունեն»:

Թեև մամուլը գրել էր, որ նա ազգությամբ հայ է, սակայն իրականում Մամուդ Շավերշյանը ազգությամբ եզդի է։

Շավերշյանի մահվան պատճառը ինսուլտն է եղել, գիշերը իրեն վատ է զգացել, տեղափոխել են հիվանդանոց, կոմայի մեջ է ընկել ու մահացել։ Ամեն տարի ընտանիքով Հայաստան էր գալիս։

Մամուդ Շավերշյանի եղբայրը՝ Նվեր Շավերշյանը  զրույցում ասաց. «Մամուդը սիրում էր իր գյուղը, ինքը երբեք չի մոռացել իր դպրոցը, որ այնտեղ կրթություն է ստացել, ուզում էր, որ այդ դպրոցը միշտ շենանա, որ երեխաները կրթություն ստանան»։

Շավերշյանը նաև նշեց, որ եղբայրը 58 տարեկան էր, ծնվել է Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում, 1992թ-ից բնակվում էր Ռուսաստանում։

Այսօր հայրենի գյուղում տեղի է ունենալու հոգեհանգստի արարողությունը, իսկ վաղը՝ հուղարկավորությունը։